Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Աշոտ Փամբուխչյանը խոսեց այրվածքային տրավմայի, այրվածքների դասակարգման, այրվածքային հիվանդության բուժման մասին։ Զեկույցում նա նաև պատմական ակնարկ ներկայացրեց, թե ինչպես են բժիշկները այրվածքները բուժել՝ սկսած 1920-ականներից, ինչպես են մեթոդները փոխվել տարիների ընթացքում և ինչ գործելակարգեր կան այսօր։
Առանձին քննարկման թեմա էր Արցախում բենզինի պայթյունից տուժածների բուժման կազմակերպումը համալսարանական հիվանդանոցում, երբ ընդամենը 1 ժամվա մեջ հիվանդանոց ընդունվեց ծանր վիճակում գտնվող, մեծ ծավալի այրվածքներով 29 պացիենտ։
Աշոտ Փամբուխչյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպվել աշխատանքը, ինչ արդյունքներ ունենք այսօր, իսկ գործընկերները հարցեր ուղղեցին ոչ միայն բուժման ընթացքի, դժվարությունների մասին, այլև առանձին բուժառուների վիճակի մասին։
Գիտական լսմանը զեկույցով հանդես եկավ նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանը։ Նա անդրադարձավ հակաբակտերիալ թերապիայի ընտրության ժամանակակից մոտեցումներին, իրազեկեց բուժաշխատողներին միջազգային կանոնակարգերում վերջերս կատարված փոփոխությունները։
Հաշվի առնելով, որ հակաբակտերիալ թերապիայի մասով մոտեցումները արագ փոխվում են, իսկ միասնական կարծիքներ հաճախ չեն հանդիպում, Ղազարյանը կարևորեց հեղինակավոր կազմակերպությունների դիրքորոշումներին տեղյակ լինելը։
Քննարկվեցին հակաբիոտիկների նշանակման ցուցումները, արդյոք վիրաբուժական միջամտություններից առաջ կամ հետո կարելի է դրանք կիրառել կանխարգելիչ նպատակով կամ առանձին հիվանդությունների դեպքում ինչ ցուցումներ կան հակաբիոտիկների նշանակման։
Ղազարյանի զեկույցում ներկայացված էր հակաբիոտիկների կիրառման մասին պատմական ակնարկ և տեսական գիտելիք, ինչպես նաև իրականացված վերջին հետազոտությունները, ըստ որի՝ հակաբիոտիկների կիրառման հետևանքով այսօր որոշ հիվանդություններ երկար և դժվար են բուժվում, մանրէների մոտ առաջանում է ռեզիստենտություն:
.png)